Ուրախ ենք տեղեկացնել, որ «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն և «ԼՈՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնների ցանցի միջև պաշտոնապես կնքվեց համագործակցության հուշագիր։ Այս քայլով մեր երկար տարիների ընկերությունն ու ջերմ հարաբերությունները վերածվում են ռազմավարական գործընկերության՝ միտված մարզաբնակ երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Այս հուշագիրը նոր և ամուր հիմք է դառնալու բազմաթիվ համատեղ նախաձեռնությունների, կրթական ծրագրերի ու երիտասարդական տարբեր հնարավորությունների ստեղծման համար։ Մեր համատեղ ջանքերն ուղղվելու են մարզերում մշակութային ու կրթական կյանքի աշխուժացմանը՝ երիտասարդներին տալով ինքնադրսևորման նոր հարթակներ։
Մեր գործընկերության առաջին և կարևորագույն քայլերից մեկը կլինի «Ապակենտրոն» մարզային ֆորումի շրջանակներում նախատեսվող հետֆորումյան հանդիպումների շարքը։ Այս հանդիպումները կհյուրընկալվեն հենց ԼՈՖԹ մարզային երիտասարդական կենտրոններում՝ դառնալով յուրահատուկ երկխոսության և փորձի փոխանակման միջավայր մարզերի ակտիվ երիտասարդների և իրենց մարզ տեղափոխված մասնագետների համար։
Վստահ ենք, որ «ԼՈՖԹ»-ի հետ համատեղ ուժերով կկարողանանք ավելի մեծ ու տեսանելի փոփոխություններ բերել մարզերի պատանիների ու երիտասարդների կյանքում։

